ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Հայաստանը Վիլնյուսում համաձայնագիր չի ստորագրի»

«Հայաստանը Վիլնյուսում համաձայնագիր չի ստորագրի»
03.10.2013 | 17:04

ՀՀՇ հիմնադիր անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում այսօր այն կարծիքը հայտնեց, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշումներ չեն եղել Հասյաստանի` Մաքսային միությանը միանալու որոշում կայացնելուց առաջ: «Ես չեմ հավատում ճնշումներին: Ինչի՞ համար ճնշել մի մարդու, ով իրեն համարում է Ռուսաստանի մարդ: Նա հաճույքով ընդունում է Ռուսաստանի հատուկ ծառայության մեդալը: Այդ մարդուն ինչո՞ւ ճնշել, երբ կարելի է ասել` գնա այսպես արա»: Մաքսային միության ստեղծումը, Երջանիկ Աբգարյանի համոզմամբ, փորձ է վերականգնելու երբեմնի ցարական կայսրությունը, ինչը չի հաջողվի, քանի որ Ռուսաստանը «քանդվող պետություն է», և այս երկրի տնտեսությանն առնչվող վերջին հրապարակումները վկայում են, որ «Ռուսաստանը ոչ միայն առաջիկայում զարգացում չի ունենա, այլ ռեցեսիոն պրոցեսների մեջ կհայտնվի»: Բանախոսի փոխանցմամբ` Ռուսաստանը Մաքսային միությունն օգտագործելու է Հայաստանը բոլոր առումներով իր ենթակայության տակ դնելու համար, իսկ ինչ վերաբերում է ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, Երջանիկ Աբգարյանը համոզված է, որ ՄՄ-ին անդամագրվելուց հետո ոչինչի չի փոխվելու` «այսօր ինչքան վտանգի տակ ենք, վաղն էլի նույնն է լինելու»: Ինչ վերաբերում է Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի այն հավաստիացմանը, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, Երջանիկ Աբգարյանը կարծում է, որ համաձայնագրում ամրագրված քաղաքական բարեփոխումները «երկրորդական կոմպոնենտ» են: Գլխավորը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն անդամագրվելու հարցն է, որը տնտեսական ողջ քաղաքականությունն է սահմանում: Համաձայնագրի հռչակագրային մասը ստորագրելով, բայց գործնական դաշտի մեջ չմտնելով, Հայաստանը ոչինչ չի ստանա, դա հավասար է ընդհանրապես չստորագրելուն: Աբգարյանը բացառում է, որ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Երջանիկ Աբգարյանն ասաց, թե հասարակության իրազեկումը, Ասոցացման համաձայնագրի և ՄՄ-ի տարբերությունները բացատրելու խնդիրը ընդդիմության վրա է: Ընդդիմությունը չի կատարում իր գործը, և ընդհանրապես, ըստ Երջանիկ Աբգարյանի, ամբողջության մեջ ընդդիմությունն այսօր առողջ չէ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ